Միջազգային

«Պուտինը զիջումներ է ուզում Ուկրաինայից՝ հացահատիկի արտահանումը շարունակելու դիմաց». Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հացահատիկային միջանցքի անարդյունավետության» մասին իր հայտարարություններով փորձում է աշխարհին շանտաժի ենթարկել՝ զիջումներ պահանջելով ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների կատարման շարունակման դիմաց:

«Պուտինը ստում է, երբ պնդում է, որ Օդեսայից հացահատիկի մեծ մասը գնում է Եվրոպայի երկրներ, այլ ոչ՝ Աֆրիկայի և Ասիայի, ինչպես դա նախատեսված էր։ Իրականում հացահատիկի մեծ մասը, որը դուրս է գալիս այդ նավահանգստից, ինչպես նաև այլ նավահանգիստներից, գնում է հենց Ասիա և Աֆրիկա»,- Օդեսայում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Կուլեբան։

Նախարարի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահը պատժամիջոցների առումով հերթական զիջումները կպահանջի նոյեմբերին, երբ ավարտվի Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների գործողությունը։