Միջազգային

«Ռուսական նավթի ներմուծման ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից». Բայդեն

«Ռուսական նավթի ներմուծման ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից և կարող է խոչընդոտել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին». այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկուշաբթի՝ ապրիլի 11-ին, կայացած տեսակոնֆերանսային բանակցությունների ժամանակ։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյն Փսակիի խոսքով՝ Բայդենը բանակցությունների ընթացքում «հստակ հասկացրել է, որ չի կարծում, թե Հնդկաստանի շահերից է բխում ռուսական էներգառեսուրսների կամ այլ ապրանքների ներմուծման արագացումը կամ ավելացումը»։ Միևնույն ժամանակ, Մոդին որևէ հրապարակային հայտարարություն չի արել ռուսական նավթի հետագա մատակարարումների վերաբերյալ։ Փսակին նաև չի ասել, թե արդյոք Հնդկաստանը որևէ պարտավորություն է ստանձնել էներգակիրների ներկրման հետ կապված, սակայն նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում օգնել երկրին։ «Հնդկաստանն իր դատողությունները կանի այս շատ անկեղծ խոսակցությունից», - շեշտել է Փսակին:

Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից ի վեր Հնդկաստանը գնել է առնվազն 13 միլիոն բարել ռուսական հում նավթ՝ մեծ զեղչերով: Համեմատության համար՝ ողջ անցած տարվա ընթացքում, ըստ Reuters-ի, երկիրը Ռուսաստանից գնել էր 16 մլն բարել նավթ։ Բացի այդ՝ Հնդկաստանը դեռ չի միացել սահմանված հակառուսական պատժամիջոցներին։