Միջազգային

Բայդենն ու Շոլցը քննարկել են Ուկրաինան, Ռուսաստանը և էներգետիկան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկուշաբթի օրը Վաշինգտոնում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի զսպումը և էներգետիկայի հետ կապված հարցեր, այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են շարունակվող դիվանագիտական ​​և զսպման ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի շարունակական կուտակման, վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի կողմից էներգառեսուրսների օգտագործումը որպես դիվանագիտական զենք: ԱՄՆ-ն և Գերմանիան պարտավորվել են սերտորեն աշխատել Չինաստանի մարտահրավերների շուրջ և հետագայում նպաստել կայունությանն ու բարգավաճմանը Արևմտյան Բալկաններում, - ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ: Կողմերն անդրադարձել են այս տարի Յոթնյակի խմբում Գերմանիայի նախագահությանը։ Բայդենը վերահաստատել է իր հանձնառությունը՝ ավելի ամրապնդելու հարաբերությունները Բեռլինի հետ և խորացնելու տրանսատլանտյան գործընկերությունը։

Մեկ շաբաթ անց Շոլցը անձնական հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչպես հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը, երկու առաջնորդների բանակցությունները կկայանան Մոսկվայում փետրվարի 15-ին։ Ակնկալվում է, որ կողմերն առաջին հերթին կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանին Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։