Միջազգային

Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը․ Արեստովիչ

Եթե ռուսական օկուպացիոն զորքերը գրավեն Դոնբասը դրա վարչական սահմաններում, ապա Ուկրաինան խաղաղության պայմանագիր չի կնքի Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ռուսաստանցի իրավապաշտպան, իրավաբան Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

«Այս պայմաններով խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, պատերազմը կշարունակվի»,- ասել է Արեստովիչը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը մտադիր է ռազմական գործողություններ իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Դոնբասը չի ազատագրվել «միլիմետր առ միլիմետր»։ Ընդ որում, պատերազմը կարող է տևել մինչև 2035 թվականը։

«Այս պատերազմը վերջինը չէ Ռուսաստանից: Ինչպես Իսրայելը և արաբները հինգ մեծ պատերազմների միջով անցան, մինչև հասկացան, որ այս մեթոդները չեն աշխատում, և պետք է անցնել ուրիշներին: Այդպես կլինի մեզ հետ: Չգիտեմ՝ հինգ ռազմական բախում կպահանջվի՞, բայց մինչև 2035 թվականը մի քանի ռազմական բախումներ երաշխավորված են: Դա նշանակում է բախում յուրաքանչյուր երկու, և հնարավոր է հինգ տարին մեկ, և խոշոր բախումներ յուրաքանչյուր յոթից ութ տարին մեկ», - ասել է Արեստովիչը: