Միջազգային

Թուրքմենստանի նախագահի որդին առաջադրվել է որպես նախագահի թեկնածու

Թուրքմենստանի փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը՝ երկրի գործող ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին՝ Թուրքմենստանի Դեմոկրատական ​​կուսակցության իններորդ արտահերթ համագումարում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն՝ երկուշաբթի օրը մեկնարկել է երկրում արտահերթ նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին փուլը՝ թեկնածուների առաջադրումը։
2020թ. փետրվարից Սերդար Բերդիմուհամեդովը զբաղեցրել է Թուրքմենստանի արդյունաբերության և շինարարական արտադրության նախարարի պաշտոնը։ 2021թ. փետրվարից նա Թուրքմենստանի փոխվարչապետն է։ Սերդար Բերդիմուհամեդովը նաև ղեկավարում է Ախալթեքեի ձիաբուծության միջազգային ասոցիացիան և «Թուրքմեն Ալաբայ» միջազգային ասոցիացիան:

Հիշեցնենք, որ արտահերթ նախագահական ընտրությունները Թուրքմենստանում տեղի կունենան 2022թ. մարտի 12-ին, այն բանից հետո երբ երկրի գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը 15 տարի կառավարում էր երկիրը, հայտարարել էր որ ժամանակն է տեղը զիջել «նոր սերնդին»։