Տեխնէ

Tesla-ի զեղչերը Չինաստանում քաոսի են հանգեցրել ավտոմեքենաների շուկան

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրող՝ Իլոն Մասկի Tesla-ն իրական գնային պատերազմ է սանձազերծել չինական շուկայում, որի մասշտաբներն արդեն անհանգստացնում են տեղական իշխանություններին։ 

2022թ. վերջից չինական ավտոշուկայի գրեթե բոլոր խոշոր մասնակիցները հայտարարել են իրենց զեղչային ծրագրերի մասին՝ տեղական էլեկտրական մեքենաներ արտադրող Xpeng և Nio-ից մինչև միջազգային ավտոհսկաներ, ինչպիսիք են Volkswagen-ը, Mercedes-Benz-ը և Ford-ը: Ընդհանուր առմամբ, մոտ 30 էլեկտրամեքենա արտադրող ընկերություններ առաջարկել են իրենց զեղչերը։

Էլեկտրական և հիբրիդային մեքենաների վաճառքը կրկնապատկվել է 2022թ. և հասել 5,67 միլիոն միավորի։ Առաջատարը մնում է BYD չինական ընկերությունը, որին բաժին է ընկնում շուկայի մոտ 30%-ը։ Սակայն մյուս արտադրողները, այդ թվում՝ Tesla-ն, շարունակում են ավելացնել արտադրությունն ու վաճառքը: