Սպորտ

Ռեկորդ. Լեբրոն Ջեյմսը՝ NBA-ի պատմության ամենաարդյունավետ բասկետբոլիստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը կարիերայի ընթացքում միավորների քանակով առաջ է անցել լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարից և այդ ցուցանիշով բարձրացել է NBA-ի պատմության առաջին հորիզոնական:

«Օկլահոմայի» դեմ խաղի երրորդ քառորդի ավարտից 10,9 վայրկյան առաջ վաստակած միավորներով Ջեյմսը հասել է կարիերայի 38388 միավորի նշագծին։

Աբդուլ-Ջաբարի ռեկորդը պահպանվել է 1984 թվականի ապրիլի 5-ից։ Լեգենդար բասկետբոլիստը կարիերան ավարտել է 1989 թվականին՝ 38387 միավորով։ NBA-ի վեցակի չեմպիոնը ներկա է եղել հանդիպմանը, որտեղ Լեբրոնը գերազանցեց իր նվաճումը:

Հանդիպումն ընդհատվել է խորհրդանշական արարողությամբ, որի ընթացքում Աբդուլ-Ջաբբարը գնդակը փոխանցել է Լեբրոնին:

«Ռեկորդը պահպանվեց գրեթե 40 տարի։ Շատերը կարծում էին, որ ոչ ոք այն չի գերազանցի։ Լեբրոն, դու NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն ես: Շնորհավորում եմ»,- ասել է լիգայի ղեկավար Ադամ Սիլվերը։

Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում են նաև Կառլ Մելոնը (36928), Կոբի Բրայանտը (33643) և Մայքլ Ջորդանը (32292):

«Քարիմի նման մեծ լեգենդի կողքին կանգնելն ինձ համար շատ բան է նշանակում։ Դա մեծ երջանկություն է: Խնդրում եմ, հոտնկայս ծափահարեք կապիտանին, խնդրում եմ»,- ասել Լեբրոն Ջեյմսը։

Ռեկորդը գերազանցելու համար Ջեյմսին անհրաժեշտ էր հավաքել 36 միավոր։ Պատմական ցուցանիշին հասնելուց հետո «Լեյքերսի» առաջատարը չորրորդ քառորդում վաստակել է ընդամենը 2 միավոր և խաղն ավարտել 38 միավորով: «Լեյքերսը» 130:133 հաշվով պարտվել է «Օկլահոմային»: