Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Երևանում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը հետևելու համար մայիսի 21-ին Հայաստան է ժամանել բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմյովը։ Բռնցքամարտի միջազգային կառույցի նախագահին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 22-30-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Այս առաջնությանը կմասնակցեն 39 երկրի 200-ից ավելի մարզիկ: Նախնական մենամարտերը կմեկնարկեն մայիսի 23-ին: Մայիսի 27-ին կսկսվեն կիսաեզրափակիչները, իսկ եզրափակիչները կկայանան մայիսի 30-ին:
Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում՝ Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Հայաստանը կներկայանա հետևյալ կազմով. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ),Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան: