Սպորտ

Այսօր Դոհայում կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության վիճակահանությունը

Այսօր` ապրիլի 1-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած` կկայանա աշխարհի 2022 թ. առաջնության վիճակահանությունը։

Հայտնի են արդեն խմբային փուլին մասնակցող 32 հավաքականներից 29-ը։

Մյուս 3 մասնակիցները հայտնի կդառնան սույն թվականի հունիսին, որոնցից երկուսը խաղարկվելու են միջմայրցամաքային անցումային հանդիպումների, մեկն էլ` ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի միջոցով։

Միջմայրցամաքային անցումային հանդիպումների շրջանակում կայանալու են հետևյալ հանդիպումները.

Ավստրալիա/ԱՄԷ – Պերու

Կոստա Ռիկա – Նոր Զելանդիա

ՈՒԵՖԱ-ի գոտու վերջին ուղեգրերը խաղարկվեցին վերջերս, սակայն հայտնի դեպքերի պատճառով հետաձգվել է փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակի Շոտլանդիա – Ուկրաինա հանդիպումը։

Այդ դիմակայության հաղթողը եվրոպական գոտուց Քաթար ուղևորվող վերջին հաջողակին պարզելու է Ուելսի դեմ խաղում։

Խմբային փուլի վիճակահանությունը կայանալու է Դոհայի Ցուցահանդեսների և համաժողովների կենտրոնում, որին մասնակցելու է ավելի քան 2000 հյուր։

Վիճակահանությունը կվարեն Կարլի Լլոյդը, Ջերմեյն Ջենասը և Սամանտա Ջոնսոնը, որոնց կօգնեն այնպիսի անվանի նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կաֆուն, Լոթար Մաթեուսը, Ալի Դաեին, Ջեյ-Ջեյ Օկոչան, Թիմ Կեյհիլը և այլք։