Հասարակություն

«Բոլորի գնահատականը Երևանի ընտրությունների վերաբերյալ եղել է դրական». ԿԸՀ նախագահ

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ ճեպազրույցում հիշեցրել է, որ Freedom House-ն անդրադարձել էր այդ պաշտոնում իր ընտրությանը՝ հղում անելով հասարակական կազմակերպությունների մտահոգություններին ու նշելով, որ վարչապետի կուսակցի՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում նշանակումը քաղհասարակության մտահոգությունն է հարուցել:

«Գնացեք այդ նույն ՀԿ-ներին հարցրեք՝ իրենց մտահոգություններն արդարացե՞լ են, թե՞ կասկածները փարատվել են: Երբ եղել է այդ քննադատությունը, ես ասել եմ՝ ես աշխատանքով կապացուցեմ: Ասել եմ՝ կապրենք՝ կտեսնենք: Երևանի ընտրությունները ամենախոշորն էին իմ ընտրությունից հետո: Խնդրեմ, տեսեք, թե այդ ընտրությունների կազմակերպման հետ կապված ով ինչ բողոք ունի»,- ասել է նա՝ հավելելով, որ Երևանի ընտրություններին երկու միջազգային դիտորդական կազմակերպություն է եղել. «37 ընտրական մարմինների ներկայացուցիչներ են եկել տարբեր երկրներից: Բոլորի գնահատականը այդ ընտրությունների վերաբերյալ եղել է դրական»: