Հասարակություն

Խաղային գործունեություն կազմակերպողների համար հարկային պարտավորություններ են սահմանվում

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում. ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող անձանց կողմից հարկերի և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ (այդ թվում՝ տույժեր և տուգանքներ) ունենալու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է:

Խնդիրն այն է, որ գործող բիզնեսի համար նշված պահանջը կատարելու համար երբեմն անհրաժեշտ է լրացուցիչ ժամկետ: Երբ ձևավորվում է պարտավորությունը, հարկային մարմինը ժամկետանց լինելու մասին տեղեկացնում է լիազոր մարմնին, և դա լիցենզիայի գործողությունը կասեցնելու հիմք է հանդիսանում: Այժմ հարկային մարմինը տեղեկացնելու համար ունի 5-օրյա ժամկետ: Առաջարկվում է նախքան լիցենզիայի գործողությունը կասեցնելը տրամադրել 10 օր ժամկետ՝ նպատակ ունենալով չխոչընդոտել գործող բիզնեսի բնականոն ընթացքը: Դա չի վերաբերելու տարեկան պետական տուրքի պարտավորությունների կատարմանը:

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: