Հասարակություն

Հյուրանոցում հայտնաբերվել է 2 օտարերկրացու դի, կան վիրավորներ

Ապրիլի 26-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցելԿոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում՝ հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում, հայտնաբերել են տղամարդու մարմիններ: Եվս 2 մարդ նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայր են ժամանել «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն նշված հյուրանոցային համալիրը գազաֆիկացված չէ, գազ չի օգտագործում: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը: Տեղի ունեցածը սպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է: