Հասարակություն

Թավրիզում Հայաստանը գլխավոր հյուպատոսություն կունենա

Կառավարության որոշմամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկ՝ գլխավոր հյուպատոսություն (նստավայրը` Թավրիզ):

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ և ձգտելու է առավել զարգացնել ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ 2022 թ. Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի:

Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև գլխավոր հյուպատոսություններ հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիրը՝ 2022թ. հոկտեմբերից ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործում է ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունը, իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնումը կապահովի փոխադարձության սկզբունքի կիրարկությունը: Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգը սահմանակցում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին, և գլխավոր հյուպատոսության հիմնումը մեծապես կնպաստի վարչատարածքային երկու միավորների միջև առևտրային, սոցիալ-մշակութային, միջմարդկային և զբոսաշրջային հաղորդակցության առավել զարգացմանը: