Հասարակություն

Բուհերում ընդունելության կարգը կփոխվի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կառավարությունը վերանայում է բուհերում ընդունելության գործող կարգը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը, շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ Հայաստանի կամ այլ պետությունների ուսհաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա:

Սահմանվել է, որ ներբուհական քննությունների համար ևս դրական են համարվում 7.5 և բարձր միավորները՝ նախկին 8-ի փոխարեն: 

Նախատեսվում է նաև մուտքի կազմակերպիչների կողմից դիմորդի մոտ մետաղորսիչով հեռախոսի և էլեկտրոնային այլ սարքերի առկայության ստուգումը։

Ըստ նախարարի՝ չափորոշիչը միայն գիտելիքի վրա հիմնված մոտեցումից անցում է արվել կարողունակության վրա մոտեցմանը, որում, բացի գիտելիքից, նաև գործնական հմտությունների բաղադրիչն է և գիտելիքների կիրառման կարևորությունը. «Թեստային առաջադրանքները ամբողջությամբ փոխվում են, և տարիներով քննարկվող խնդիրը, որ մենք շտեմարանների ու թեստերի միջոցով արմատավորում ենք անգիր անելու, վարժեցվելու հմտությունները, այլ ոչ թե սովորեցնում ենք, այսպես այդ կարևորագույն խնդիրը կկարգավորենք, և նոր առաջադրանքները տրամաբանական, քննադատական մտածողության հմտությունները կստուգեն»։

Նախարարը նաև նշել է, որ մտադիր են առաջիկայում թեստերի թղթային տարբերակից անցում կատարել համակարգչայինի. «Մեր պատկերացումն է, որ ընդունելության համակարգում քննությունների թիվը պետք է նվազեցնենք և ունենանք արտաքին գնահատման քչաթիվ արդյունքներ, ինչպես, օրինակ, հայոց լեզուն է։ Մնացած բոլոր առարկաների պարագայում պետք է կարողանանք դպրոցներում ունենալ գնահատման և ստուգման մեխանիզմներ, որ թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը, որ ամբողջ աշխարհում է, երբ գնահատվում է երեխայի ամբողջական ուսումնառության որակական արդյունքը, ոչ թե տվյալ պահի քննության գնահատականը»։