Հասարակություն

ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում

Ապրիլի 22-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն ընդունել է ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավար Ննեկա Հենրիին։

Արա Ֆիդանյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել միջազգային գործընկերներին՝ «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի շրջանակում կատարված արդյունավետ աշխատանքի համար։

Նա ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում տվյալների հավաքագրման, վերլուծական գործիքակազմի և նորարար լուծումների ներդրման ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքները, ինչպես նաև դրանց իրագործման համար օգտագործված լավագույն փորձը։

Ննեկա Հենրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ առկա մոտեցումները և միջազգային փորձը:

Նա անդրադարձել է նաև իրավապահ մարմինների միջև ճանապարհային անվտանգության և երթևեկության կարգավորման փորձի փոխանակման հարցերին։

ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը՝ նախաձեռնությանն աջակցելու համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով այլ ուղղություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես առկա, այնպես էլ նախատեսվող համագործակցության այլ ուղղությունների և ծրագրերի վերաբերյալ հարցեր։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու սերտ համագործակցությունը։