Հասարակություն

«Մեր միության անդամներից սրտացավ չլինեն մեր միության գույքին». Սաֆարյան

Նկարիչների և գրողների միության նախագահներ Սուրեն Սաֆարյանն ու Էդվարդ Միլիտոնյանն այսօր ասուլիս են հրավիրել՝ միությունների շենքերի հետ կապված գլխավոր դատախազության  նախաձեռնած գործընթացի վերաբերյալ։

Սաֆարյանի խոսքով, միության շենքը կառուցվել է ժամանակին հենց նկարիչների համար, իսկ ետխորհրդային շրջանում, կառավարության որոշմամբ, իրենք ստացել են սեփականաշնորհման վկայական. «Այդ ինչ խախտումներ են․ ես այս պահին չեմ պատկերացնում»,- ասել է նա։  

Սաֆարյանը նշել է, թե մի կողմից հնչում են հայտարարություններ, որ եղել են իրավախախտումներ, մյուս կողմից ասում են, թե այս ամենն անում են, որ չկարողանան վաճառել միությունների շենքը․ «Ի՞նչ է նշանակում՝ պետականացնել գույքը»,- ասել է նա՝ հարցնելով, թե ինչու պետք է այն պետականացվի, կամ ինչից են պաշտպանում գույքը. «Մեր միության անդամներից սրտացավ չլինեն մեր միության գույքին»։