Հասարակություն

«Վանաձոր» ՔԿՀ բուժքրոջ ներքնազգեստում արգելված իրեր են հայտնաբերվել

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման բուժքույր Է․ Ա․-ն արգելված իրեր է փոխանցելու դատապարտյալներից մեկին։

Ապրիլի 14-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները, իրացնելով վերոնշյալ օպերատիվ տեղեկությունները, բնակելի գոտի մուտք գործելուց առաջ զննության են ենթարկել Է․ Ա․-ին։

Արդյունքում՝ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար։

Բուժքույրը խոստովանել է, որ հայտնաբերված արգելված իրերը գումարի դիմաց պետք է փոխանցեր դատապարտյալներից մեկին։ Է․Ա․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։