Հասարակություն

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Դիլիջանում ոստիկանի կողմից մատուցողին ծեծի ենթարկելու գործից

Այսօր տեսանյութ է տարածվել, որտեղ ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի պաշտոնյաներից՝ Արսեն Ղայթմազյանը հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկում 16-ամյա անչափահաս տղային:

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմեց քննչական կոմիտե, որտեղից պարզաբանեցին. «Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 10-ին։ Քաղաքացու հաղորդումը դատախազությունից քննչական կոմիտե է ստացվել մայիսի 10-ին, և նույն օրը քննչական կոմիտեի Տավուշի քննչական վարչությունում քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվել նախաքննություն։ 2006թ․ ծնված երիտասարդը, ով ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող, ճանաչվել է տուժող։

Արտաքին զննությամբ վերջինիս վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։ 

Նախաքննության ընթացքում Ա․Ղ․-ն վարույթ իրականացնող մարմնին ներկայացրել է դիմում այն մասին, որ ամբողջությամբ զղջում է կատարածի համար, հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջման հիմքով: 

Հաշվի առնելով վերոգրյալն ու նաև այն հանգամանքը, որ Ա․Ղ․-ն վարույթի շրջանակում համագործակցել է վարույթ իրականացնող մարմնի հետ, որևէ կերպ չի վիճարկել իրեն մեղսագրվող արարքը, որը համարվում է ոչ մեծ ծանրության հանցավոր արարք, 2023թ․ մայիսի 29-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթով հսկող դատախազին՝ նրա նկատմամբ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, գործուն զղջման (այսինքն՝ ոչ ռեաբիլիտացնող) հիմքով քրեական հետապնդում չհարուցելու մասին, որը բավարարվել է»: