Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, դատարան է կանչվել շտապ օգնություն

Հակակոռուպցիոն դատարանում, ուր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը, շտապ օգնություն է կանչվել։ Պատճառը Գասպարյանի առողջական վիճակն է։

Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ այս գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանն ասել է, որ իրեն լավ չի զգում, հետո պարզվել է՝ զարկերակային ճնշումը բարձր է:

Հրավիրվել են բժիշկներ։

Հիշեցնենք, որ գործով կա 4 մեղադրյալ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացում կամ վատնում առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ): Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցակցություն), 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Իսկ Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով: