Հասարակություն

Աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. վարչապետն այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ` կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, գրասենյակի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

​Զեկուցվել է, որ 2022թ. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից աշխատանք է իրականացվել 4 ուղղությամբ՝ հայրենադարձության խթանում և ինտեգրում, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացում, Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորում և Սփյուռքի համայնքների ներուժի վերհանում:

Նշվել է, որ 2022թ. աճել է հայրենադարձության համար դիմումների թիվը. ներկայացվել է 8000 դիմում, առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որի մասնակիցների թիվը հասել է 240-ի: Սփյուռքահայ ընտանիքներին տրամադրվել են ինտեգրման աջակցության փաթեթներ: Ընթացքի մեջ է Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ստեղծումը, որի բացումը նախատեսվում է 2023թ. գարնանը: