Հասարակություն

Մարտի 1-ից պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Գործադիրն ընդունել է «Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին» որոշում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է 2023թ. մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպորտային միջոցներ: Սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 3281 քաղաքացու, որոնցից 2897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:

Պաշտպանության նախարարության համակարգի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային հաշվառման գործընթացը պարզեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ նախատեսվում է սահմանել, մասնավորապես, այն դեպքում, երբ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած նախկին զինծառայողը հանվել են ՀՀ իրենց բնակության վայրի հաշվառումից և մինչև զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը դիմում են ներկայացրել որևէ բնակավայրում հաշվառման համար և նոր բնակավայրում նրանց հաշվառումն իրականացվել է զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից հետո, ապա շահառուն բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունվում իր նոր հաշվառման վայրի համայնքի ղեկավարի կողմից: