Հասարակություն

Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք. Ավանեսյան

«Ապահովագրական փաթեթն ունենալու է հաստատուն արժեք». այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։

Նախարարի խոսքով՝ լինելու է մեկ տիպի ապահովագրական փաթեթ, որում ներառված է լինելու հիմնական ծառայությունների ողջ սպեկտրը. «Մեր գնահատականներով՝ այս ծառայությունների փաթեթը բավական ընդգրկուն է և հիմնված է հիվանդացության մաս կազմող հիվանդությունները հասցեագրելու վրա։ Բայց պետությունն այս ապահովագրավճարից իրականացնելու է տարբեր չափի համաֆինանսավորումներ։ Դա արդեն կախված է լինելու մարդու եկամուտներից»։

Ըստ Ավանեսյանի՝ այդպես է նախատեսված, քանի որ Հայաստանը, լինելով սոցիալական պետություն, խոցելի խավերի առողջական, կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար ունենում է նաև իր մասնակցությունը։ 

Նա շեշտել է, որ աշխատող քաղաքացիների աշխատավարձից տոկոս չի պահվելու, այլ լինելու է տարեկան ապահովագրավճար, որը բաժանվելու է 12 ամսվա վրա, և քաղաքացին վճարելու է դրա համար։