Հասարակություն

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է բողոքի ակցիա անող խաղողագործների հետ

Խաղողագործներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բարձրացնել խաղողի մթերման գինը։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մոտ մեկ ամիս առաջ հանդիպել էր իրենց և հավաստիացրել, որ խաղողի գինը 120 դրամից բարձր է լինելու։

«Ուրբաթ օրը մարզպետը հավանաբար իրենց հետ խորհրդակցելուց հետո, մեզ հայտնել է, որ գինը որոշվել է 120 դրամ, բնականաբար մենք համաձայն չէինք, եկանք կառավարություն, դե կառավարության պատասխանն էլ տեսաք՝ Քերոբյանը ասում է պատերազմ է  և այլն, լավ հիմա մենք ի՞նչ անենք, թողնենք գնա՞նք երկրից»,- լրագրողների հետ զրույցում դժգոհել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

Քիչ առաջ նախարար Քերոբյանը հանդիպել է խաղողագործների հետ․ նրանք քննարկել են ստեղծված իրավիճակն ու խնդիրը հարթելու ուղիները։

Քերոբյանը խաղողագործներին տեղեկացրել է, որ վաղն այդ խնդրի հետ կապված կառսվարության որոշում կլինի։

Հանդիպման ժամանակ, սակայն, խաղողի մթերումից դժգոհող արմավիրցիները չհամաձայնեցին Վահան Քերոբյանի առաջարկած գնի հետ։ Բանավեճ սկսվեց, որից հետո նրանք լքեցին դահլիճը։