Հասարակություն

Կրակոցներ Երևանում․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Սեպտեմբերի 24-ին մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի փողոցում, ոսկու շուկայի հետնամասում գտնվող պահեստային հատվածում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են տղամարդու դի, 1 հոգի էլ նշված վայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ քանակի ինքնաձիգից արձակված պարկուճներ, ատրճանակից արձակված պարկուճներ, արնանման հետքեր։

Պարեկները սահամանազատել են տարածքը։ Այս պահին տեղում աշխատում են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած-սպանվածի և վիրավորների ինքնությունը։ Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը, ով եղել է  հրազենային վնասվածքներով, հիվանդանոց է տեղափոխվել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից։ Պարեկները չսպասելով բժիշկների ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից օգտագործել են բինտ ու բամբակ, ապա առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել են Lexus, Mercedes և 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։