Հասարակություն

Գեղարքունիքի մարզում քաղաքացիական անձանց շրջանում կա 3, զինվորականների շրջանում 43 վիրավոր

Գեղարքունիքի մարզպետի օգնական Մանանա Գալստյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ադրբեջանական հրետակոծության հետևանքով մարզից երեք քաղաքացիական անձ է վիրավերվել։

«Մեկ վիրավորում ունեցել ենք, որը Վարդենիսի հիվանդանոցում վիրահատվել և տեղափոխվել է Երևան։ Երկու հոգի էլ դիմել են Մարտունու հիվանդանոց, որոնցից մեկը թեթև քերծվածքներ է ունեցել։ Առաջին օգնություն ցույց են տվել և չեն հոսպիտալացրել։ Ներկա պահին 82 ամյա մեկ տատիկ ունենք, որը պառկած է Մարտունու հիվանդանոցում։ Նա բեկորային վնասված է ստացել»,- ասաց Մանանա Գալստյանը՝ հավելելով, որ 82-ամյա կնոջ վիճակը գնահատվում է դրական։

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, մարզպետի օգնականի խոսքով, իրավիճակն այս պահին հարաբերական կայուն իրավիճակ է։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ նշեց, որ վիրավորներ կան նաև զինված ուժերի կազմում. «Ժամը 3-4-ի կողմերն ունեցած տեղեկություններով` վիրավորների թիվը հասնում է մոտավորապես 43- ի: Առավոտվա տվյալներով` ունեինք 4 զոհ»։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ռազմական գերատեսչության հաստատված տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ։

Հայկ Մագոյան