Երևան

Ջրցան մեքենաներն աշխատում ու լվանում են քաղաքը կեսգիշերից մինչև լուսադեմ

Ամեն առավոտ Երևանն իր բնակիչներին դիմավորում է լվացված ու մաքրված փողոցներով: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մաքրող խմբերին զուգահեռ մինչև լուսադեմ աշխատում են ջրցան մեքենաները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

«Փողոցները լվացվում են ամեն օր: Մեքենաները դուրս են գալիս գիշերը: Հավաքակայանից մեքենաները բեռնվում են ջրով, այնտեղից Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններով շարունակում ամբողջ քաղաքում»,-ասում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը:

«Երբ մարդիկ առավոտյան զարթնում են ու գործի գնալիս տեսնում են քաղաքը մաքուր, դա ամեն ինչ է մեզ համար»,-ասում է ԵԱՍՄ աշխատակից Արմեն Սոլոմոնյանը:

«Մեր աշխատանքը սիրով ենք անում, հակառակ դեպքում պարզապես չէինք աշխատի: Թեև գիշերներն ենք աշխատում, բայց չենք հոգնում», - նշում է ԵԱՍՄ մեկ այլ աշխատակից Սեդրակ Սարգսյանը:

Քաղաքի մի շարք փողոցներ լվացվում են մի քանի անգամ: Հիմնական խնդիրն ու խոչընդոտը փողոցներում կայանած մեքենաներն են: Աշխատանքը դյուրին չէ: Միայն վարորդական հմտություններն էլ բավարար չեն:

«Երբ ջուրը վերանում է, անմիջապես գնում ենք լիցքավորման: Հիդրանտներից լցնում ենք ջուրը և անմիջապես շարունակում: Մենք մեր քաղաքի համար ենք անում, ճիշտ է, խոչընդոտներ լինում են, բայց հաղթահարելի են: Փողոց առ փողոց լվացվում է քաղաքը»,-ասում է ԵԱՍՄ աշխատակիցներից Ռաֆիկ Պետրոսյանը:

Բնակիչների մեծ մասը նրանց աշխատանքը չի տեսնում: Փոխարենը օրվա ընթացքում աղտոտում են քաղաքն ու միաժամանակ բարձրացնում մաքրության պահպանման խնդիրը:

Որքան էլ համայնքային կառույցներն աշխատեն ու մաքրեն քաղաքը, կարևոր են բնակիչների համատեղ ջանքերը՝ մաքուր պահելով մայրաքաղաքը: