Հասարակություն

Քանի դեռ կա քաղաքացի հայտնաբերելու հավանականություն մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում. ԱԻ նախարար

Ամբողջ գիշեր անդադար աշխատանքներ են կատարվել։ Վերջին հաղորդագրությունից հետո ևս 6 դի ենք հայտնաբերել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Նախարարը ավելացրեց, որ ներկա պահին ունենք 16 զոհ և 17 անհետ կորած։

«Անհետ կորածների թիվը 18 է եղել։ Ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չի գտնվում, կենդանի է և ընդհանրապես չի եղել դեպքի վայրում». ընդգծեց նախարարը։ 

ԱԻ գերատեսչության ղեկավարը նշեց, որ հրդեհաշիջման աշխատանքներ այս պահին չեն կատարվում, այլ կատարվում է հովացման աշխատանք, քանի որ փլատակների մաքրումից փոքր օջախներ են բռնկվում։ Ըստ Փամբուխչյանի՝ այս պահին կարելի է ասել ամբողջ ծավալով իրականացվում է որոնողափրկարարական աշխատանքներ։ 

«Քանի դեռ կա հավանականություն, որ մենք կարող ենք քաղաքացու հայտնաբերել փլատակների տակ, մենք ծանր տեխնիկա միանգամից չենք օգտագործում». հավելել է նախարարը։