Հասարակություն

Շուրջ 2450 հաշմանդամ կօգտվի անձնական օգնականի ծառայությունից

Ծրագրի նպատակն է՝ անձնական օգնականի միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և համայնքում լիարժեք ապրելու իրավունքը։ Այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը՝ ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց խելամիտ հարմարեցումներ ապահովելու կարգը սահմանելու մասին օրինագիծը։

Սույն որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է պետբյուջեի միջոցներով։

«Այստեղ մենք ներառել ենք, մեր կարծիքով, ամենակարիքավոր խմբերը. անձնական օգնականի ծառայություն կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան-մտավոր խնդիրներով, ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակություն ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,-ասաց Ժամակոչյանը՝ նշելով, որ այս պահին 10 բալանոց անապահովության համակարգ է ներդրված, բայց այդ գնահատման համակարգը կարող է վերանայվել։ 

Նախնական տվյալներով՝ 2450 հաշմանդամություն ունեցող անձ կօգտվի անձնական օգնականի ծառայությունից։  

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի համապատասխան վերապատրաստում և կհավաստագրվի։ Անձնական օգնական կարող է լինել նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը։ 

Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024-ի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ սոցապնախարարությունը կիրականացնի անձնական օգնականի տրամադրման պիլոտային ծրագիր՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

Հիշեցնենք՝ այս պահին շուրջ 27 հազար հաշմանդամություն ունեցող անձ աշխատում է։