Հասարակություն

Ինչպե՞ս Երևանից հասնել մարզկենտրոններ

Radar Armenia-ն փորձել է պարզել, թե մարզերի բնակիչներն ինչպես կարող են հասնել Երևան, տրանսպորտային ինչ միջոցով, և որքան գումար է պահանջվում դրա համար։

Շիրակ։ Երևանից Գյումրի հասնելու լավագույն տարբերակը երթուղայինն է կամ գնացքը։ Երթուղայինով կարելի է Գյումրի հասնել մոտ 2 ժամում, իսկ գնացքով՝ 3 ժամում, ճեպընթաց գնացքի դեպքում կպահանջվի 2 ժամ։ Դեպի Գյումրի գնացքները գործում են ամեն օր և մեկնում են Կենտրոնական երկաթուղային կայարանից, որտեղ տոմսերի վաճառքը սկսվում է գնացքի մեկնումից 30 րոպե առաջ: Սովորական տոմսի արժեքն է 1000 դրամ, իսկ արագընթաց գնացքի տոսմն արժե 2500 դրամ: Երթուղայինների տոմսերը 1500 դրամ են։ 

Տավուշ։ Իջևան գնացող երթուղայինները Երևանի Հյուսիսային ավտոկայանում են։ Երևանից Իջևան հասնելու լավագույն տարբերակը ավտոբուսն է կամ երթուղայինը, որը հասնում է 2 ժ 15 րոպեի ընթացքում։ Երթուղայինի տոմսի արժեքը 1500 դրամ է։  

Լոռի։ Վանաձոր հասնելու համար գործում է ավտոբուս կամ երթուղային։ Երթուղայինը հասնում է 1 ժ 45 րոպեի ընթացքում։ Կիլիկիա ավտոկայանից, Հյուսիսային ավտոկայանից և Կենտրոնական երկաթուղային կայարանից Վանաձոր գնացող ուղիղ երթուղիներ կան, որոնց արժեքը 800-1200 դրամ է։ 

Արագածոտն։ Աշտարակ հասնելու  լավագույն տարբերակը ավտոբուսը կամ երթուղայինն է, որը հասնում է 40 րոպեի ընթացքում։ Շարժվում է Կիլիկիա ավտոկայանից և Կենտրոնական երկաթուղային կայարանից։ Արժեքը 250 դրամ է։ 

Կոտայք։ Հրազդան գնալու համար երթուղայիններ կարող եք նստել Երևանի Ազատության պողոտայից։ Այնտեղից դեպի Հրազդան ուղևորվում են նաև տաքսիներ։ Երթուղայինի արժեքը 300 դրամ է, տաքսին՝ 500։

Գեղարքունիք։ Հյուսիսային ավտոկայանից Գավառ գնացող երթուղայիններով ուղևորությունը տևում է 2 ժ։ Արժեքը 1100 դրամ է։

Արմավիր։ Արմավիր քաղաք հասնելու տարբերակներն են ավտոբուսը, երթուղայինը կամ գնացքը, որը հասնում է 50 րոպեի ընթացքում։ Դրանք շարժվում են Կենտրոնական երկաթուղային կայարանից, Նորագավիթից կամ Կիլիկիա ավտոկայանից։ Արժեքը՝ 350 դրամ։

Արարատի մարզ։ Երևանից Արտաշատ հասնելու լավագույն տարբերակը երթուղայինն է կամ ավտոբուսը, որը հասնում է 1 ժ 10 րոպեի ընթացքում։ Շարժվում է Կենտրոնական երկաթուղային կայարանից և Հյուսիսային ավտոկայանից։ Արժեքը սկսվում է 200 դրամից։

Վայոց Ձոր։ Եղեգնաձոր կարող եք հասնել երթուղայինի միջոցով, որը հասնում է 1 ժ 45 րոպեի ընթացքում։ Շարժվում է Կենտրոնական երկաթուղային կայարանից։ Արժեքը՝ 1200 դրամ։ 

Սյունիք։ Կապան կարող եք մեկնել երթուղայինով կամ ավտոբուսով, որը հասնում է 8 ժ ընթացքում։ Շարժվում է «Կիլիկիա» և Հյուսիսային ավտոկայաններից։ Արժեք՝ 2500 դրամ։  

Բացի այդ, դեպի մարզկենտրոններ ուղևորվելու համար առանձին մասնավոր ընկերություններ ուղևորափոխադրումներ են կազմակերպում տաքսիներով։ Արժեքը տարբեր է՝ 500-2000 դրամ, կախված՝ որ մարզ է քաղաքացին ուղևորվում։

Անուշ Մկրտչյան