Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը մայիսի 28-ին տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Ուժի մեջ է մտել նրանց նկատմամբ դատավիճռը, և հիմա նրանք տեղափոխվել են ՔԿՀ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով:
Radar Armenia-ի հետ զրույցում Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը կատարվածը որակել է «նենգ քայլ», որն արվել է Մոսկվայի և Կրեմլի քաղաքական պատվերով. «Ցինիկաբար դա արվեց մայիսի 28-ին։ Ներկա իշխանությունը բոլշևիկների հետնորդ է, որոնք կրեմլահպատակ քաղաքականություն են վարում և սիրում են իրենց սև գործերը նվիրել ինչ-որ օրերին։ Դա մայիսի 28-ին անելով՝ փորձում են մեզ ընկճել, կոտրել մեր կամքն ու վճռականությունը, շեղել ուղուց և սադրել։ Ոչ մի նման բան չի լինի, մենք միայն ավելի վճռական կդառնանք, որևէ չմտածված քայլի չենք դիմի և մեր ուղուց չենք շեղվի»։
Գասպարյանի համոզմամբ՝ Հայաստանը 30 տարի համարվել է անկախ պետություն, բայց երբևէ այդպիսին չի եղել. «Կսպասենք պատեհ պահին, երբ ռեժիմը թուլացած կլինի, որպեսզի կարողանանք երկիրը ապագաղութացնել։ Կամաց-կամաց գաղութացվել են երկրի բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչև տնտեսություն անխտիր գտնվում են Կրեմլի վերահսկողության տակ։ Հայաստանը ինքնիշխան քաղաքականություն չի վարում, և սա միայն կույրերը չեն տեսնում կամ անհույս ռուսամոլները, որոնց համար սա նորմալ է»։
Գասպարյանի խոսքով՝ ԱԺԲ խորհրդի անդամներին ազատելու համար հնարավոր է դիմեն Եվրոդատարան. «Այստեղի դատական ատյաններին դիմելը անիմաստ է, որովհետև մենք չունենք անկախ արդարադատություն, հետևաբար՝ տղաների ազատումը քաղաքական հարց է, և տղաները կազատվեն վերոնշյալ գործընթացների արդյունքում։ Գաղութում լինում է ազգային ազատագրական պայքար, որի արդյունքում այն ապագաղութանում է, իսկ բանտերի դռները բացվում են, և քաղբանտարկյալները ստանում են ազատություն»։
Անուշ Մկրտչյան