Հասարակություն

Մեր մոլորակը մեր առողջությունն է. այսօր առողջապահության համաշխարհային օրն է

1950 թվականից ապրիլի 7-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է որպես առողջապահության համաշխարհային օր։ 

Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանը Radar Armenia-ի հետ զրույցում տեղեկացրեց՝ այս տարվա կարգախոսն է «Մեր մոլորակը մեր առողջությունն է»։ Ըստ նրա, ԱՀԿ-ն երկրներին կոչ է անում պահպանել մոլորակը՝ նպաստելով մեր առողջության բարելավմանը, ապահովելով մաքուր օդի, ջի, առողջ սննդի հասանելիությունը։

Անդրեասյանի խոսքով բնական է, որ մոլորակի առողջությունը կախված է մեզանից, մեր առողջությունը՝ մոլորակից. «Ներկայումս շատ կարևոր է, որ մենք մեր ուշադրությունը սևեռենք բնապահպանական գործոններին, կլիմայի փոփոխությանը, քանի որ ըստ ԱՀԿ-ի՝ բնապահպանական գործոններն ու կլիմայի փոփոխությունը պատճառ են հանդիսանում տարեկան կտրվածքով շուրջ 13 մլն մահվան դեպքերի»։

Բոլոր երկրներում հիվանդացության և մահացության հիմնական պատճառներ են ոչ վարակիչ հիվանդությունները. «Մահացության թվով չորս առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից են այրան շրջանառության համակարգի հիվանդությունները, քաղցկեղները, շաքարային դիաբետը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունները, որոնց մահացության թիվը 2020թ. դրությամբ կազմել է շուրջ 70%»։

Հարցին, թե վարակիչ հիվանդություններից մահացությունը ինչպիսի՞ն է եղել մեր երկրում՝ Անդրեասյանը պատասխանեց. «Տոկոսային հաշվարկով բավականին փոքր է՝ կազմում է շուրջ 0.4%, բայց երբ խոսում ենք վարակիչ հիվանդությունների մասին, պետք է միշտ ձեռքը պահենք զարկերակի վրա, քանի որ Covid 19-ը ցույց տվեց, որ մենք կարող ենք բախվել վարակիչ հիվանդությունների հիմնախնդիրների հետ և ունենանք բավականին մեծ մարտահրավերներ»։

Դիանա Անդրեասյանի խոսքով՝ ոչ վարակիչ հիվանդություններն արդեն տարիներ շարունակ հանդիսանում են առաղջապահության համակարգի գերակա խնդիրներից. «Օրինակ մեր հանրապետությունում յուրաքանչյուր երկրորդ մարդ մահանում է սրտանոթային համակարգի հիվանդություններից։ Մահացությունը բարձր է նաև քաղցկեղներից՝ շուրջ15%, շաքարային դիաբետից և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այդ հիվանդությունները բազմագործոնային են, բավական մեծ դերակատարում ունի բնակչության վարքագիծը՝ ծխախոտի օգտոգործումը, անառողջ սնունդը, ալկոհոլի չարաշահումը, ֆիզիկական թերակտիվացումը, ինչպես նաև՝ աղի չարաշահումը»։

Ի դեպ, ըստ ԱՀԿ-ի չափանիշների՝ աղի օգտագործումը չպետք է գերազանցի օրեկան 5 գրամը, բայց Անդրեասյանը նշում է, որ ըստ հետազոտության տվյալների՝ այն կազմում է շուրջ 10 գրամ։

Անդրեասյանի կարծիքով՝ «Ոչ վարակիչ հիվանդությունների տնտեսական բեռը բավական մեծ է, և այն տարիների ընթացքում ցույց է տվել, որ մենք նաև կորցնում ենք բավական շատ կյանքեր։ Բնական է՝ յուրաքանչյուր մարդ ինչ-որ պահի ինչ-որ հիվանդությունից պետք է մահանա, բայց կարևորությունը կայանում է նրանում, որ ամեն ինչ կատարվի ժամանակին։ Այսինքն՝ պետք է մենք անենք այնպես, որ նվազի վաղաժամ մահացությունը, քանի որ սա հետագայում անդրադարձ է անում մեր սոցիալ ժողովրդագրական խնդիրներին»։

Մեր հարցին՝ ի՞նչ գնահատական կտաք, ինչպե՞ս Հայաստանի առողջապահությունը դիմադրեց Կորոնավիրուսային մարտահրավերներին, Անդրեասյանը պատասխանեց. «Եթե դիտարկենք մեր արդյունքները այլ երկրների տվյալների հետ, կարող ենք գնահատել դրական։ Իհարկե, Covid-ի մահացության ցուցանիշը այնպես չէ, որ ցածր է, բայց դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այդ խնդիրը առկա է տարբեր երկրներում»։

Անդրեասյանի կարծիքով Առողջապահգության համակարգը իր ներուժով, ծառայությունների մատուցմամբ հաղթահարել է համաճարակը, և ինչպես տեսնում ենք՝ ներկա պահին ունենք իրավիճակի բարելավում։ Նա հույս է հայտնում, որ այդպես էլ կշարունակվի. «Առողջապահության նախարարության գերակա նպատակն է կարողանալ բարելավել և պահպանել բնակչության առողջությունը»։

Ոսկեհատ Պողոսյան