Հասարակություն

Այսօր առողջության համաշխարհային օրն է

Ապրիլի 7-ը նշվում է Առողջության համաշխարհային օր, որի շրջանակում առողջապահության նախարարությունը, Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ են անում միավորել ջանքերն առողջ մոլորակ ունենալու և պաշտպանելու համար։

«Մեկ առողջություն» մոտեցումն այսօր առավել քան երբևէ արդիական է` հաշվի առնելով օրեցօր մոլորակին սպառնացող համաճարակներն ու տարաբնույթ հիվանդությունները: Վերջին տարիներին կյանքը ցույց է տվել, որ առողջապահական համակարգերը պետք է լինեն առավել ուժեղ, առավել հզոր ու մարտունակ` դիմակայելու երկրագնդի գլոբալ փոփոխություններով պայմանավորված մարտահրավերներին: Առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կնշեն Առողջության համաշխարհային օրը մեկամսյա արշավով, որը կներառի առցանց միջոցառումներ՝ լուսանկարչական մրցույթ, ցուցահանդես և սոցիալական մեդիայի միջոցով իրականացվող միջոցառումներ։