Հասարակություն

«Որևէ քաղաքակիրթ պետություն չի հանդուրժի քաղբանտարկյալներ դատած դատավորների գոյությունը դատական իշխանությունում». Տիգրան Եգորյան

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն օրերս հայտարարեց ՄԻԵԴ որոշումների հիմքով քաղբանտարկյալներ դատած դատավորներին համակարգից դուրս մղելու գործընթացի մեկնարկի մասին։ Ըստ նրա՝ օրինագծի կապակցությամբ նաև Վենետիկի հանձնաժողովն է խորհրդատվական կարծիք հայտնել: Անդրեասյանն ԱԺ-ում նաև նշել էր. «Մեր նախաձեռնությունը վերաբերվում է քաղբանտարկյալներ դատած դատավորներին, ովքեր դիտավորյալ ապօրինություններ են թույլ տվել»։

Այս թեմայով Radar Armenia-ն զրուցել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանի հետ։

- Պրն Եգորյան, ի՞նչ կարծիք ունեք ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնության մասին։

- Առնվազն 20 տարի արդարադատության համակարգ կոչվածը, դատական իշխանության օժանդակությամբ, խախտել է մարդկանց իրավունքները տարբեր հարցերում, և այդ խախտումները եղել են համակարգային։ ՀՀ-ում եղել են քաղաքական նկատառումներով դատապարտվածներ՝ քաղբանտարկյալներ։ Չկա որևէ քաղաքակիրթ պետություն, որը կհանդուրժի նման դատավորների գոյությունը դատական իշխանությունում։ ՀՀ-ն ժողովրդավարական համարվող երկրների ցանկում եզակիներից է, որ նույնիսկ իշխանափոխությունից ու ժողովրդավարական բարձր ստանդարտներին համապատասխանող ընտրություններից հետո դեռ այդ հարցը չի կարողանում լուծել։ Այդ դատավորներից պետք է համակարգը մաքրվի, ու ապագայում արվի ամեն ինչ, որ նման որակի և խմբային ու անհատական շահեր սպասարկող անձինք  չհայտնվեն և չտեղավորվեն դատական իշխանության մեջ։ Մենք դա դեռևս չենք արել, և այսօր ևս այդ հարցն օրակարգում է։

- Այս իշխանություններին քննադատում են՝ ասելով, թե փոփոխությունները դատական համակարգում ուշանում են։ Ձեր դիտարկմամբ՝ նախագիծն ուշացա՞ծ է թե՞ ոչ։ 

- Տարբեր կարծիքներ կարող են լինել։ Ես կարծում եմ, որ այս 3 տարվա ընթացքում կարելի էր ունենալ որոշակի կարևոր արդյունքներ, բայց դրա համար բազմաթիվ համակարգեր պետք է աշխատեին մեկ տրամաբանության շրջանակում։ Այսօր ինձ մոտ հարցեր կառաջանային, եթե նախաձեռնությունը չլիներ։ Հիմա կա, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի այն օր առաջ կյանքի կոչվի։

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ դատավորների շրջանում դժգոհություններ կառաջանան։ Ինչպե՞ս անել, որ նախաձեռնությունը քաղաքական գործընթացի չվերածվի, և արդարությունը պահպանվի բոլոր կողմերի հանդեպ։

- Որպեսզի խուսափենք տարբեր գնահատողական հարցերից, ընտրվել է ամենաընդունելի և անառարկելի տարբերակը՝ ՄԻԵԴ-ի կողմից կայացրած վճիռների հիման վրա դատավորների ճակատագրի որոշումը ԲԴԽ-ի միջոցով։ Այս իրավական քաղաքականության վերաբերյալ հայտարարվել է դեռևս 2020-ի մայիսին՝ վարչապետի կողմից։ Այսօր հենց այդ եղանակով պետք է առաջ շարժվել։

Գործընթացի արդյունքում դատավորների խախտումներն արձանագրվում են ներպետական դատարանի կողմից, և, համապատասխան վարույթների շրջանակներում, բոլոր իրավունքների պաշտպանության պայմաններում, այդ արարքները գործած դատավորները առերեսվում են արդարադատության շատ ավելի բարձր ստանդարտի, քան իրենք են ժամանակին իրականացրել։ Սա որևէ պարագայում քաղաքական գործընթաց չէ, սա գործընթաց է, որը կոչված է՝ ապահովելու դատավորի գործունեության համապատասխանությունն այդ պաշտոնը ստանձնելիս տված երդմանը, սա պետության պարտավորությունն է, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։ 

Եվ բոլոր նրանք, ովքեր շեղվել են այդ երդումից և խախտել մարդկանց հիմնական իրավունքներն ու ազատությունները, պետք է ազատեն դատական իշխանությունը իրենց ներկայությունից։ Բոլոր նրանք, ովքեր խախտել են մարդկանց հիմնական իրավունքները, և այդ խախտումները կատարել են դիտավորությամբ, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Մարիամ Սարգսյան