Հասարակություն

Վարորդական վկայական ստանալու համար քննության նոր հարցաշարը օգուտ կտա՞

Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննություններն ապրիլի 11-ից կանցկացվեն նոր հարցաշարով։ 

Ճանապարհային ոստիկանությունը կազմել է վարորդական իրավունքի վկայական ստանալու համար տեսական քննության թեստերի նոր հարցաշար, որը հրապարակվել է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքում: Radar Armenia-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեհյանը կարծիք հայտնեց, որ այս փոփոխությունն անօգուտ է։

Ըստ նրա՝ նման թարմացումները պայմանավորված են քննության ընթացակարգը բարդացնելու հետ. «Դրանով փորձում են ավելի շատ գիտելիք ունեցողներին վկայական տրամադրել. ընթացակարգը բարդացնում են»։

Քեհյանը նշեց, որ այս փոփությունը որևէ օգուտ չի տա. «Փորձը ցույց է տվել, որ, անգամ նման փոփոխությունների դեպքում, տեսական քննություն հանձնող քաղաքացիները կարողանում են մեկ-երկու ամսում արագ սովորել այդ հարցաշարը և հեշտ հանձնել քննություն, բայց դրանով այն վարորդները չեն դառնում, ինչը ակնկալվում է երթևեկության կանոնների իմացության, գրագիտության առումով»։

Նրա կարծիքով՝ այդ արդյունքին հասնելու համար հարցաշարերը կամ մեխանիզմները բարդացնելու կարիք չկա. «Պետք է քաղաքացիներին երթևեկության կանոնները սովորեցնել վաղ տարիքից, որ մարդիկ գոնե տարրական գիտելիք ունենան երթևեկության մասին»։

Անուշ Մկրտչյան