ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է 97 մլն դրամ կանխիկ գումար, 15 հազար դոլար և 40 հազար եվրո։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Մարգարյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից։
Ինչ վերաբերում է բանկային հաշիվների մնացորդներին՝ Մարգարյանը հայտարարագրել է, ընդհանուր առմամբ, մոտ 10․000 եվրո, 34․000 դոլար, ավելի քան 1,3 մլն ռուսական ռուբլի։
Որպես անշարժ գույք, Մարգարյանը հայտարարագրել է 1 շինություն՝ համատեղ սեփականությամբ, և ևս մեկ անշարժ գույք Ավանում, որը հայտարարագիրը տալու պահին դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Որպես շարժական գույք, պատգամավորը հայտարարագրել է 2007-ի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա։
Մարգարյանը պատկառելի ունեցվածք է հայտարարագրել նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատած տարիներին։ Հիմնականում աչքի է ընկնում նրա հայտարարագրած անշարժ գույքը։ Քաղաքապետի պաշտոնը թողնելիս՝ իր վերջին հայտարարագրում Մարգարյանը ներկայացրել էր 8 անշարժ գույք՝ 2 բնակարան, անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության շինություն, արտադրական նշանակության շինություն, այգետնակ, 2 ավտոտնակ։
Որպես շարժական գույք, Մարգարյանը 2018-ին հայտարարագրել է 1 ավտոմոբիլային միջոց։
Քաղաքապետի պաշտոնը դադարեցնելու դրությամբ՝ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է նաև 200 մլն դրամ, 45 հազար դոլար, 50 հազար եվրո։
Որպես այդ տարվա աշխատավարձ՝ Մարգարյանը հայտարարագրել էր մոտ 3 մլն դրամ։