Քաղաքական

«Ադրբեջանի վրա նավթի գների բարձրացման էֆեկտը երկարաժամկետ չի լինի». Կառլեն Խաչատրյան

Նավթի գների բարձրացումը դրական կանդրադառնա Ադրբեջանի տնտեսության վրա։ Մոտավոր հաշվարկներով՝ ադրբեջանական տնտեսությունը հավելյալ 15-20 մլրդ դոլար կստանա, ինչը կնպաստի տարբեր ոլորտների (այդ թվում՝ ռազմական) հզորացմանը․ Radar Armenia-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս համատեքստում Հայաստանը պետք է նոր քայլեր ձեռնարկի պետական տնտեսական քաղաքականության մեջ, որպեսզի կարողանա բարձրացնել իր մրցունակությունը։

Խաչատրյանն ընդգծեց, որ ֆորսմաժորային վիճակում տարբեր բիզնեսմեններ (հիմնականում՝ ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ) ՀՀ շուկան դիտարկում են որպես այլընտրանքային տարբերակ. «Եթե այս պրոցեսում կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել, պետությունն էլ համապատասխան քայլեր ձեռնարկի, կկարողանանք ստեղծված իրավիճակից օգտվել։ Դժվար է պատկերացնել՝ ինչ պետք է լինի, որ Ադրբեջանի տնտեսության օգուտներին համադրելի օգուտ ստանանք. դա բարդ է, բայց պետք է գոնե ավելի մրցունակ տնտեսություն կարողանանք ունենալ»։

Տնտեսագետը նաև ընդգծեց՝ հանքահումքային ռեսուրսներից գոյացող եկամուտները, որքան էլ այդ պահին տնտեսությանը դրական ազդակներ ուղղեն, երկարաժամկետ էական էֆեկտ չեն ունենա. «Մեր առավելությունը պետք է լինի ավելի մրցունակ տնտեսություն ունենալը, որը երկարաժամկետ կտրվածքով համադրելի կլինի հարևան պետության տնտեսությանը»։

Անդրադառնալով ՌԴ դեմ պատժամիջոցներին ու դրանց՝ ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցությանը՝ Խաչատրյանը նշեց, որ ազդեցության սպեկտրը բավական մեծ է, քանի որ ՀՀ-ի ու ՌԴ-ի տնտեսությունների միջև փոխկապվածությունն էական է՝ արտահանում, ներմուծում, ներդրումներ, տրանսֆերտներ. «ՌԴ-ում եղած ցանկացած վայրիվերում որոշակի ցնցում է առաջացնում նաև ՀՀ շուկայում։ Օրինակ, ռուբլու արժեզրկումը բերելու է դեպի ՌԴ արտահանման կրճատման և ՌԴ-ից ՀՀ ներմուծման ծավալների մեծացման։ ՌԴ տնտեսությունում տեղի ունեցող բացասական երևույթները կազդեն նաև ՌԴ-ից ՀՀ եկող մասնավոր տրանսֆերտների վրա, իսկ դրանք ՀՀ եկող ընդհանուր տրանսֆերտների կեսից մի քիչ են պակաս։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարաձգվի, տրանսպորտային խնդիրների պատճառով կարող են մատակարարման բարդություններ և պարենային անվտանգության խնդիրներ առաջանալ»։

 

Մարիամ Սարգսյան