Radar Armenia-ն ներկայացնում է Վանո Սիրադեղյանի՝ 2000թ. դեկտեմբերի 26-ին հրապարակած «Վիրտուալ հայրենիք. ճակատագրի հեգնանքը» հոդվածի առաջին հատվածը, որը ոչ միայն կարևոր սկզբնաղբյուր և քաղաքական վերլուծություն է տվյալ ժամանակաշրջանի պատմության իմացության, այլև ներկայիս գործընթացները հասկանալու, առկա իրավիճակը գնահատելու համար։
Մեղրի՞ն Արցախի դիմաց, թե՞ Արեւմտյան Հայաստանը Արցախի դիմաց. գուցե Հայաստա՞նը Արցախի անկախության դիմաց... Թե՞, այնուամենայնիվ, Արցախը՝ Ֆրանսիայի դատապարտող բանաձեւի դիմաց:
Եթե կապակցվածություն եք փնտրում այստեղ, իզուր եք փնտրում, լավ կլիներ այդ բանը փորձեիք գտնել հայ դիվանագիտական մտքի ավանդական շիլաշփոթի մեջ: Իսկ վիճակը ավելի հասկանալու, բանաձեւելու առիթ կունենանք, հավանաբար, շատ շուտով, երբ ակնհայտ կդառնա, որ Քոչարյանը Ղարաբաղը հանձնել է ընդամենը մի քանի պառլամենտներում ընդունվելիք ցեղասպանության բանաձեւի դիմաց:
Այս ծրագրի իրականացումը Քոչարյանի համար բացառիկ քաղաքական կապիտալ է՝ հետագայում Սփյուռքում դաշնակցական կուսակցության ղեկավարներից մեկը դառնալու համար: Ոչ մի հայ գործիչ դեռ նման կապիտալ չի ունեցել Սփյուռքի ազգային շրջանակների աչքում: Այլ բան է, որ այդ անձնական կուսակցական կապիտալը Արցախի գինն է: Բայց ի՞նչ Արցախի ու Հայաստանի մասին է խոսքը, եթե «պատմական արդարության» թեման է շոշափվում. ըստ էության՝ անպտուղ մի բան, որը, սակայն, տասնամյակների հեռանկարում հանապազօրյա հաց է ապահովելու դրսի կուսակցական ջոջերի համար:
Ի դեպ, ցեղասպանությունն ընդունող բանաձեւերը (ցանկացած ձեւակերպմամբ) ոչնչով չեն պարտավորեցնելու ո՛չ Թուրքիային, ո՛չ դրանք հեղինակած երկրներին, ինչպես չեն պարտավորեցրել Ռուսաստանին (որի պառլամենտը ցեղասպանությունը դատապարտել է տարիներ առաջ), ինչպես եւ Թուրքիան ոչնչով չպարտավորվեց՝ ցեղասպանության կազմակերպիչներին մահվան դատապարտելու:
Երիցս իրավացի է Ստեփան Գրիգորյանը՝ պնդելով, որ Արցախի կարգավիճակը Քոչարյանը կանխորոշել է Ստամբուլի վեհաժողովին ստորագրությամբ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը: Այսինքն, Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Սա՝ դե յուրե: Դե ֆակտոն տեխնիկայի հարց է: Իսկ երեք տարի տեւած իր եւ Օսկանյանի տերմինակոխ դատարկախոսությունը ժողովրդի աչքին թոզ փչելու համար էր: Գրիգորյանը, սակայն, ջուր է լցնում դատարկապորտ գործիչների եւ արդեն իրական հանցագործ ռեժիմի ջրաղացին, ասելով, թե սրանցից խաբեությամբ են ստորագրություն կորզել, խոստանալով Արցախի հարցը լուծել: Մնում է ավելացնել, որ ստորագրելուց առաջ Ստամբուլի բանտ են մտցրել ու... ծեծել են:
Պետք չէ ավելի ծանծաղեցնել հայ ժողովրդի դիվանագիտակցությունը (իրավագիտակցության նմանությամբ) նենգամիտ տերությունների մասին հեքիաթով: Խաբել... խաբելու փորձ կարող են անել չնչին երկրների չնչին ղեկավարները միայն: Լուրջ երկրները այդ բանը իրենց թույլ չեն տալիս թեկուզ միայն այն պատճառով, որ դրա կարիքը չունեն: Շիտակ ասված է, որ հարցը պիտի լուծվի խաղաղ ճանապարհով: Ասել է թե՝ խաղաղ, առանց ղալմաղալի ձեր զորքերը դուրս բերեք ուրիշի տարածքից: Եւ եթե միառժամանակ թույլ են տալիս քեզ դնես էշի մոտերքում բռնված տղայի տեղ (իբր, չվան էիր ուզում), դա չի նշանակում, թե խաբեցիր:
«Չպիտի լինեն հաղթողներ եւ պարտվողներ» բանաձեւը, որ հրամցրին երեք տերությունների ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ, մի բան է նշանակում՝ վերադարձ 1988 թիվ: Ոչ թե 1997-98թթ., որը ենթադրում է բանակցությունների սառեցման պահը, այլ 1988թ.: Չէ՞ որ պարտություններն ու հաղթանակները տեղի են ունեցել 1988 թվականից հետո:
Ահա եռամյա քաղաքական անմեղսունակության պտուղները:
Ահա թե ինչու մեծ տերությունները ամբողջ երկու տարի ձեւ էին անում, թե բանակցություններ են ընթանում: Սպասում էին Ստամբուլում: Սպասում էին տարածքային ամբողջականության սկզբունքը՝ նաեւ նորանկախ պետությունների կողմից ամրագրելուն: Ահա թե ինչու հանդուրժեցին հեղաշրջումն ու հակասահմանադրական ընտրությունները 98-ին եւ գրեթե ժողովրդավարական համարեցին վայրագ պառլամենտական ընտրությունները 99-ին: Ահա թե ինչու կուլ տվեցին պառլամենտի գնդակահարությունը Ստամբուլից շաբաթներ առաջ:
Եւ ահա թե ինչու Արեւմուտքը խստագույն բծախնդրություն էր հանդես բերում 1996թ. նախագահական ընտրությունների հանդեպ՝ ի տարբերություն 1999-ի:
Եւ, վերջապես, ահա թե ինչու Տեր-Պետրոսյանը զիջեց իշխանությունը: Զիջեց ոչ թե այն պատճառով, որ ինքը իրեն լեգիտիմ չէր զգում, ինչպես մինչեւ հիմա կարծում էինք միամիտներս, եւ ընտրություններն էլ կասկածի տակ առան ոչ թե այն պատճառով, որ էդպես կասկածելի էին, այլ որովհետեւ դեմը Ստամբուլ կար: Իսկ տերություններին ձեռ էր տալիս ընթացող բանակցությունների սառեցումը մինչեւ խարտիայի ստորագրումը: Իսկ Տեր-Պետրոսյանը՝ կռահելով մեր գլխին գալիքը, հակառակը՝ շտապում էր օր առաջ խաղաղարար ուժեր մտցնել հակամարտության գոտի, որպեսզի Ստամբուլից շատ առաջ հաշտության պայմանագրի ստորագրման ընթացքը անշրջելիորեն առաջացած լիներ, եւ ոչ թե բանակցությունները սառեցվեին եւ ապա անհուսալիորեն հաջորդեին տարածքների ամբողջականության ճանաչմանը:
Տարբերությո՞ւնը. մինչեւ խարտիայի ստորագրումը արեւելյան Եվրոպայի եւ նախկին խորհրդային երկրների տարածքային ամբողջականությունը նման համապարփակ փաստաթղթով վավերացված չէր: Իսկ 1999 թվականից հետո այլեւս վավերացված է: