Հինգշաբթի, 29 Սեպտեմբերի 2022

USD404.47

EUR387.44

RUB6.48

Երևան 18 ℃

Рус Eng

Ռուսաստանին, երևի թե, այդ պահին տարածաշրջանում պետք էր Բելառուսի նման դաշնակից-դեստրուկտիվ մի երկիր

Ռետրո

17 Սեպտեմբերի, 20:28

Radar Armenia-ն ներկայացնում է Վանո Սիրադեղյանի՝ 2000թ. դեկտեմբերի 26-ին հրապարակած «Վիրտուալ հայրենիք. ճակատագրի հեգնանքը» հոդվածի երկրորդ հատվածը, որը ոչ միայն կարևոր սկզբնաղբյուր և քաղաքական վերլուծություն է տվյալ ժամանակաշրջանի պատմության իմացության, այլև ներկայիս գործընթացները հասկանալու, առկա իրավիճակը գնահատելու համար։

ՄԱՍ - 1

Այն, ինչ ուզում էին մեծ տերություններն ու Թուրքիան՝ Ադրբեջանի հետ, հասկանալի է, բայց ինչի՞ էին ձգտում «Արցախի իշխանությունները» Հայաստանի «ազգային-կոմունիստական-ժողովրդավարական» եռասեռ կողմնորոշման կուսակցությունների հետ, երբ սկսած զինադադարից՝ վիժեցնում էին նախագահի կանխարգելիչ ծրագիրը՝ համարելով դա պարտվողական:

Գիտակցո՞ւմ է Քոչարյանը թե ինչ է ստորագրել Ստամբուլում: Թերեւս, գիտակցում է: Իսկ գիտակցո՞ւմ էր այն ժամանակ, երբ վիժեցնում էր նախագահի ծրագրերը, ապա եւ՝ գործի էր դրել իշխանությունը զավթելու մեխանիզմը: Համոզված կարելի ասել՝ ոչ: Որովհետեւ թե՛ ինքը, թե՛ իր գաղափարակից տղերքը զմայլված էին իրենք իրենցով, որ դեսպանատներում իրենց մարդատեղ են դնում, որ մարդամեջ են մտնում միջազգային մանր-մունր հավաքներում եւ անհետեւանք շաղակրատում «ընդհանուր պետություն», «զուգահեռ հարաբերություններ» եւ այլ անհեթեթություններով: Եւ որ զրուցակիցները քաղաքավարությամբ լսում էին, դրանից եզրակացնում էին, թե քաղաքագիտության եւ դիվանագիտության ասպարեզում նոր խոսք են բերել Ֆիզուլու կողմից: Չէին մտածում, որ ունկնդիրները այդպիսի բաներ հարյուրավոր անգամներ լսել են Աֆրիկայի ու Համաշխարհային օվկիանոսի կղզիների վայրենիներից: Եւ իհարկե, իրենց հաշիվ չէին տալիս, որ լսելով են հավաքագրում դավադիրներին ու դավաճաններին: Եւ ոչ միայն լսում, այլեւ շիրա էին տալիս, որ անզիջում լինեն: Չէ՞ որ սրանց անզիջում լինելը խափանում էր Հայաստանի իշխանությունների ծրագիրը, ինչը դժվարություններ կստեղծեր Ստամբուլի փաստաթուղթը մշակողների համար:

Հետեւանքը եղավ այն, որ անզիջումը գնաց եւ ստորագրեց Արցախը Ադրբեջանի կազմում ամրագրող փաստաթուղթը:

Իսկ ինչի՞ համար էին այս տարիները: Այս երեք տարիների՝ միլիոնի հասնող արտագաղթը, մնացած ժողովրդի թշվառությունը, կուսակցությունների ավերմունքը, գործիչների բարոյալքումը, պառլամենտի արյունահեղությունը ... Ոչ մի բանի համար: Եվ վստահ եղեք, որ առանց հետին մտքի: Պարզապես մտքի բացակայությունից:

Եվ ոչ մի Մեղրի էլ չի եղել, որ դրանից բխող հոկտեմբերի 27 լիներ: Եղել է Ստամբուլի փաստաթղթի ստորագրելու հարց՝ հոկտեմբերի 27-ից անմիջապես առաջ: Եվ եթե պրոբլեմ է եղել մի կողմից՝ Քոչարյանի, մյուս կողմից՝ Դեմիրճյանի ու Սարգսյանի միջեւ, ապա դա այն է եղել, որ Ստամբուլում Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջներ չունենալը հաստատող ստորագրություն դրած Քոչարյանը հնարավոր է, որ չկարողանար վերադառնալ Հայաստան:

Ռուսաստանը կախ սրտով էր գնում այդ վեհաժողովին (հիշենք Ելցինի վաղաժամ վերադարձը): Վավերացվելու էր քաղաքական նոր իրողությունը Եվրոպա մայրցամաքում՝ իր համար ամենաանբարենպաստ ժամանակ, եւ Ռուսաստանին, երեւի թե, այդ պահին տարածաշրջանում պետք էր Բելառուսի նման դաշնակից-դեստրուկտիվ մի երկիր, որը կստանձներ քաղաքական խուլիգանի դերը, որը վայել չէր Ռուսաստանին: Կարծես թե սույն հանձնառությամբ էլ «հայտնի ուժերը» ստացել էին Մոսկվայի համաձայնությունը՝ 1998-ի իշխանափոխության վերաբերյալ:

Կարծո՞ւմ էր Ռուսաստանը, թե հնարավոր է խափանել Ստամբուլի հռչակագրի ընդունումը: Հազիվ թե: Բայց կամակոր-կամակատար երկրի հաշվին կարող էր զիջումներ պոկել իր համար: Ասենք թե՝ Վրաստանից իր զորքերի դուրսբերումը գլխանց ետ գցեր 20 տարով, փոխանակ հիմա Վրաստանի հետ քյալա տար մի 5 տարվա համար: Արեւմուտքի այդ զիջման դիմաց կհամոզեր Հայաստանին՝ էլի ստորագրել փաստաթուղթը կամ սրտանց չէր պնդի... Բայց դա անցած բան է: Ցավալին այն է, որ Ռուսաստանի չկամությունը կարող էր ոգեւորած լինել Դեմիրճյանին եւ Սարգսյանին:

Իր համար ամենաանպաստ ելքի դեպքում էլ Ռուսաստանը շահում էր: Այն էր շահում, որ Քոչարյան-Սարգսյան հակառակությանը հետեւում էր դեպքերի տրամաբանությունից բխող հաջորդ քայլը-դավաճան Քոչարյանին փոխարինում էր Վազգեն Սարգսյանը: Էլի նույն իշխանությունն էր լինում-մինուս ղարաբաղցու նեղացածությունը Ռուսաստանից՝ Արցախը Ադրբեջանին վերադարձնելուց հետո:

Իսկ Մեղրին հասարակության քննարկման դնելը բլեֆ էր: Հիմա հո հասկանալի է, որ Մեղրին նույնիսկ Ալիեւը չի քննարկել: Ղարաբաղցիք իրար մեջ գուցե քննարկել են: Իսկ բլեֆը պետք էր, որպեսզի վերջում պարզվի, որ սուտ է: Եթե սուտ է, ուրեմն Քոչարյան-Վազգեն կոնֆլիկտն էլ սուտ էր: Եվ ապա՝ եթե Մեղրին չտրվեց, Քոչարյանը հերոս է: Վերջապես՝ Ստամբուլի ուրացումը քողարկելու համար:

Եվ ընդհանրապես, այս երեք տարիների ընթացքում ոչ դրսում, ոչ իշխանության ներսում ոչ մի հարց չի քննարկվել՝ Ստամբուլի փաստաթղթից բացի:

Եվ ուշադրություն դարձրեք՝ հարյուրամյա Դաշնակցությունը ի՜նչ անամոթությամբ է իր շարքերից ու ժողովրդից թաքցնում իրողությունը: Արեւմտահայերից ու արեւելահայերից հավաքած փողով հրատարակված թերթերում «Հայ դատի» ծխածածկույթ կապել ու քողարկում է Թուրքիայից ու Ադրբեջանից հողային պահանջ ունենալուց պետականորեն հրաժարվելու փաստերը: Ինչ խանդավառությամբ է պաշտպանում հողերը ոչ թե «ծախող», այլ արդեն ծախած մարդուն, որովհետեւ խորն է խրվել իշխանության այն կերատաշտի մեջ, որը զզվելի է միայն, երբ ուրիշներն են խրված լինում:

Իսկ գուցե արժե՞ր Տեր-Պետրոսյանը ինքը կուսակցություններին կապեր կերի տաշտին՝ հանուն «ազգային համաձայնության»:

Երեւի խնայեց: Երեւի լուրջ էր կարծում, թե «Դաշնակցությունը ազգային արժեք է»: Երեւի լուրջ էր վերաբերվում քաղաքական օպոզիցիայի անհրաժեշտությանը: Թե չէ, հո չի կարելի մտածել, որ իրեն ենթակա ջահելների չափ էլ խելք չուներ հասկանալու համար, որ բյուջեի չնչինագույն մասն իսկ կհերիքի մի քանի պառավ բանաստեղծուհու բերան փակելու, մի քանի մանր կուսակցություններ իրենով անելու համար: Էլ չեմ ասում՝ գունավոր մետաղի ջարդոնից մի քիչ ետ գցեր՝ մեդալներ ձուլելու համար:

ՄԱՍ - 3

Քերոբ Խաչատրյան

Շտապողական հայտարարությամբ ո՞ւմ է օգնում Հայ դատի հանձնախումբը

Արման Գալոյան

Նրանց պետք է իշխանություն, թեկուզ՝ առանց պետության