Կատարում ավարտին է մոտենում ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնությունը։ 3-րդ տեղի համար այսօր պայքարեցին Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականները։
Խորվաթները 7-րդ րոպեին պաշտպան Յոշկո Գվարդիոլի շնորհիվ բացեցին խաղի հաշիվը։ Ընդամենը 2 րոպե անց մարոկկացիները վերականգնեցին հաշվի հավասարությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Աշրաֆ Դարին։
42-րդ րոպեին խորվաթները կրկին առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Միսլավ Օրսիչը։ Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց, Խորվաթիայի հավաքականը հաղթեց 2։1 հաշվով և զբաղեցրեց մրցանակային երրորդ տեղը։
Արժանին պետք է մատուցել նաև Մարոկկոյի հավաքականին, որն այս մրցաշարի գլխավոր անակնկալն էր և պատմության ընթացքում առաջին անգամ հանդես եկավ Մունդիալների կիսաեզրափակչում։
Հիշեցնենք, որ չեմպիոնական գավաթի համար պայքարում վաղը կմրցեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։