Ինչպես հաղորդում են սպորտային լրատվամիջոցները, Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման զայրացած է գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի վրա և չի պատրաստվում մեկնել Կատար՝ մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակչին:
Մադրիդի «Ռեալի» հարձակվողը դուրս էր մնացել մրցաշարից՝ առաջնությունը դեռ չսկսված. Դոհայում կայացած առաջին մարզման ժամանակ ֆրանսիացին ազդրի վնասվածք էր ստացել:
Իսպանական «Libertad Digital» հրատարակությունը պնդում է, որ Բենզեման դժգոհ է Դեշամի վերաբերմունքից, ով, ինչպես պնդում են, հարձակվողին տուն է ուղարկել վնասվածքից հետո։ «Ոսկե գնդակի» դափնեկրին զայրացրել են նաև մամուլի ասուլիսում Դեշամի արած մի շարք մեկնաբանությունները:
Հաղորդվում է, որ Բենզեմային ընդամենը երեք օր է անհրաժեշտ եղել Մադրիդի «Ռեալի» մարզաբազայում բուժվելու և վերականգնվելու համար։ Նախքան արձակուրդ գնալը՝ ֆրանսիացին արդեն ապաքինված է եղել վնասվածքից:
Նշվում է, որ Դեշամը հարցարզույցներից մեկում անդրադարձել է Բենզեմայի վնասվածքին և հաստատել, որ այն կապաքինվի 3 շաբաթվա ընթացքում, ինչը հիասթափեցրել է Բենզեմային։
Ընդգծենք, որ Բենզեման արդեն վերադարձել է մարզումներին և մասնակցել հինգշաբթի Մադրիդի «Ռեալի» կազմում կայացած ընկերական խաղին։