Քաթարում կայացած աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականի հաջող ելույթը կարելի է բացատրել նրանով, որ թիմի խաղացողների մեծ մասը մեծացել և ֆուտբոլային կրթություն է ստացել Եվրոպայում։ Ռուս մարզական լրագրող Ալեքսանդր Պրոսվետովը ներկայացրել է Մարոկկոյի հավաքականի հաջողության հիմնական ֆենոմենը։
Ըստ լրագրողի՝ որոշակի ֆենոմեն, իհարկե, կա։ Երբ թիմը հինգ խաղում մեկ գոլ է բաց թողնում՝ խաղալով ոչ այլ մեկի, քան Բելգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի ուժեղ հավաքականների հետ, պետք է խոսել պաշտպանական գործողությունների գերազանց կազմակերպման մասին։ Հարձակման մեջ Մարոկկոն առանձնապես չի տարբերվում, բայց թիմային պաշտպանությունը երկաթյա է։
«Շատ հարաբերական է, որ Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագիին համարում են տեղացի մասնագետ, քանի որ նա ծնվել է Ֆրանսիայում, խաղացել է ֆրանսիական ակումբներում՝ «Թուլուզում»,«Այաչոյում»: Մեծ հաշվով ֆրանսիացի մասնագետ է,- ընդգծել է Պրոսվետովը։ «Հավաքականն ունի մի շարք աստղեր. այն գորշ թիմ չէ, որը հաջող է հանդես գալիս։ Աշրաֆ Հաքիմին հանդես է գալիս «ՊՍԺ»-ում, Սոֆյան Ամրաբատը՝ «Ֆիորենտինայում», Հաքիմ Զիեշն ու Նուսաիր Մազրաուին՝ նախկինում «Այաքսի», այժմ «Չելսիի» և «Բավարիայի» խաղացողներ են, դարպասապահ Յասին Բունուն և հարձակվող Յուսեֆ էն Նեսիրին հանդես են գալիս «Սևիլիայում»: Այսինքն, նրանք նոր անուններ չեն»։
Պրոսվետովը համաձայն է, որ կարելի է զուգահեռներ անցկացնել Մարոկկոյի և Հունաստանի հավաքականների միջև, որը 2004թ. նվաճեց Եվրոպայի առաջնությունը՝ բաց թողնելով չորս գնդակ խմբային մրցաշարում և ոչ մի գնդակ բաց չթողեց փլեյ-օֆֆ փուլում:
Մասնագետը նշում է, որ Մարոկկոյի հավաքականը կազմակերպված թիմ է, որը ունի նաև աստղեր՝ Զիեշը, Հաքիմին, ով Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց ֆրանսիական «ՊՍԺ»։
«Թիմը ունի նաև լավ պահեստայինների նստարան։ Նայեֆ Աղերը վնասվածք էր ստացել իսպանացիների հետ խաղում, իսկ Մազրաուին՝ հիվանդացել, բայց նրանք գտան համապատասխան փոխարինողներ, որպեսզի լրացնեն բացերը: Չմոռանանք, որ Մարոկկոն մշտապես ուժեղ է հանդես գալիս աֆրիկյան գավաթներում։ Օրինակ, այս տարի Կասաբլանկայի «Վիդադը» հաղթել է աֆրիկյան չեմպիոնների լիգայում»,- նշել է մարզական լրագրողը։
«Մասամբ կարելի է ասել, որ այս հավաքականը Եվրոպա տեղափոխվելու գաղափարի արտացոլումն է. 13 հոգի եվրոպական մանկապատանեկան դպրոցի սաներ են։ Մյուսները կարող են խաղալ եվրոպական տարբեր ակումբներում, բայց նրանք Մարոկկոյի ֆուտբոլի սան են, առաջին հերթին՝ «Վիդադի»: Այլ բան է, որ մարոկկացին, տեղափոխվելով Եվրոպա, գտնում է հայրենակիցների հսկայական համայնք և շատ երկրներում իրեն զգում, ինչպես տանը, առաջին հերթին՝ Բելգիայում, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում:
1960-ականներին Բելգիայի և Մարոկկոյի միջև ստորագրվել է կոնվենցիա այն մասին, որ Մարոկկոն աշխատուժ կմատակարարի Եվրոպային: Մտահղացումն այսպիսին էր. մարդկանց կսովորեցնեն տարբեր մասնագիտություններ, և նրանք կվերադառնան՝ Մարոկկոն շենացնելու։ Բայց իրականություն այն էր, որ նրանք մնացին»,- եզրափակել է Ալեքսանդր Պրոսվետովը։