Կատար - 2022

Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակչում է

Կատարում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Քառորդ եզրափակիչ փուլում այսօր ուժերը չափեցին Խորվաթիայի և Բրազիլիայի հավաքականները։ 

Հանդիպման հիմնական ժամանակում հավաքականները չկարողացան գրավել միմյանց դարպասները, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի մրցավարի ավելացրած առաջին րոպեին բրազիլացիները կարողացան ի վերջո բացել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Նեյմարը։ 

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում, երբ թվում էր, թե Բրազիլիայի հավաքականը մոտ է կիսաեզրափակչին, խորվաթները 116-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ փոխարինման մտած Բրունո Պետկովիչը։

Լրացուցիչ ժամանակն այս հաշվով էլ ավարտվեց, և դիմակայության հաղթողն արդեն պետք է որոշվեր 11 մետրանոց հարվածաշարի միջոցով։

Այստեղ փայլուն հանդես եկան խորվաթները, հաղթեցին 4։2 հաշվով և դուրս եկան կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Նիդերլանդներ-Արգենտինա զույգի հաղթողը։