Ավարտվեց ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի Նիդերլանդներ-Արգենտինա հանդիպումը։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Նաուել Մոլինան՝ Լիոնել Մեսսիի գեղեցիկ փոխանցումից հետո։ 72-րդ րոպեին նիդերլանդցիները Մարկոս Ակունյայի նկատմամբ տուգանային հրապարակում խախտեցին կանոնները, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված։
Գնդակին մոտեցավ Լիոնել Մեսսին, դիպուկ իրացրեց այն՝ աշխարհի առաջնություններում խփելով իր 10-րդ գոլը և այս ցուցանիշով հավասարվելով Գաբրիել Բատիստուտային։
73-րդ րոպեին Նիդերլանդի հավաքականը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Վաութ Վեգհորսթը։ իսկ այն, ինչ կատարվեց հանդիպման վերջին րոպեներին, անհավանական էր։ Մրցավարի ավելացրած 11-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Վեգհորսթը նաև հավասարեցրեց հաշիվը։ 2։2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում կողմերը թեև ունեցան միմյանց դարպասները գրավելու լավ հնարավորություններ, սակայն հաշվի մեջ նոր փոփոխություն չգրանցվեց և հերթը հասավ 11 մետրանոց հարվածաշարին։
Այն ևս բավական լարված ստացվեց, ինչպես ամբողջ հանդիպումը, սակայն արգենտինացիներն ավելի դիպուկ էին և կարողացան հաղթել 4։3 հաշվով։
Արգենտինայի հավաքականը դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Խորվաթիայի հավաքականն է։ Խորվաթներն այսօր պայքարից դուրս էին թողել Բրազիլիայի ընտրանուն։ Արգենտինա-Խորվաթիա դիմակայությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։