Մամուլ

Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը թեպետ դեկտեմբերի 3-ին ավարտել է աշխատանքները, սակայն հանձնաժողովի զեկույցը դեռ չի ներկայացվել: Հանձնաժողովականներն ասում են, թե զեկույցը բաղկացած է հատորներից` դեռ մի քանիսն են կազմել, հնարավոր է ամիսներ ձգվեն, և ամենաշուտը կներկայացվի սեպտեմբերին, սակայն որոշ հատվածներ արդեն ուղարկվել են դատախազություն: Խոսքը բանակի սպառազինության վերաբերյալ նյութերի մասին է։

Իշխանականները, օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի հնարավորություններից, որոշել են հնարավորինս ձգել զեկույցը ներկայացնելը։ Իսկ «ԱԺ կանոնակարգ»-ի 25-րդ հոդվածը սահմանում է՝ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով ԱԺ նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է տվյալ հարցի վերաբերյալ պարզված փաստերը և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ եզրահանգումները: Զեկույցին կցվում են նաև հիմնավորող փաստաթղթեր, նյութեր:

Սակայն կոնկրետ ժամկետ չի սահմանվում։ Զեկույցը կարող է ունենալ բաց և փակ մասեր: ԱԺ նախագահին ներկայացվելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում այն բաց քննարկվում է ԱԺ նիստում, հրապարակվում ԱԺ կայքում, իսկ փակ մասը քննարկվում է գաղտնի ռեժիմով, և դրան կարող են ծանոթանալ այն պատգամավորները, ովքեր գաղտնի նյութերին ծանոթանալու թույլտվություն ունեն»: