Մամուլ

Ինչ ավարտ կունենա գաղտնալսման գործը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում վերսկսվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկինում քննիչները չբացահայտված քրեական գործերը կասեցնում էին. հիմա ամեն ինչ այլ է:

ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը հստակ սահմանում է, որ կա՛մ քրեական վարույթը կարճվում է, կա՛մ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում։ Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը այլևս չբացահայտված քրեական վարույթների կասեցման իրավական ընթացակարգ չի նախատեսում: Եթե նախկինում քննիչները քրեական գործերը կասեցնում էին ու գցում տարիներով իրենց «սեյֆերում», ապա հիմա պետք է քննությունը շարունակեն:

Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում էր հայտնվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը, որը հետագայում կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցություններն ապօրինի ձայնագրելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցված էր: Այժմ կվերսկսվի այս մասով քննությունը: Թե ինչ ավարտ կունենա, թերևս դժվար չէ կանխատեսել»: