Մամուլ

Նոր կանոններ զբոսաշրջության ոլորտի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը և զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին և ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։

Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի և զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պարտադիր դրույթները՝ զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման և որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը, զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը և իրականացման ժամկետները, զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները և որակական նկարագրերը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը, ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը, սննդի կազմակերպման և մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը, տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային և այլ միջոցառումները, զբոսաշրջային փաթեթի գինը բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի և տուրքերի մանրամասներով։ Այս պահանջները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար՝ բացառությամբ հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի և այլ թանկարժեք գույքի կորստի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ:

Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետևյալ տեղեկատվությունը` հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումն ու որակավորման կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը և կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն: Այս պահանջները խախտելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ»։