Մամուլ

ՊՆ-ն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրել է. «2019 թվականին հիմնադրված բանակի կենտրոնական մարզական ակումբում, չնայած որ պետք է խաղան ֆուտբոլիստ-զինծառայողները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրականում այդպես չէ, և այժմ ակումբում հանդես են գալիս նաև ֆուտբոլիստներ, որոնք, օրինակ, 31 տարեկան են։

Այս առիթով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց բանակի կենտրոնական մարզական ակումբի տնօրեն Գագիկ Աղբալյանին՝ հասկանալու համար, թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել։ Վերջինս նշեց. «Այժմ ունենք երկու ակումբ, որից մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, մյուսը՝ Առաջին խմբում։ Երկու ակումբների համար անհրաժեշտ է 50-ից ավելի ֆուտբոլիստ, սակայն Պաշտպանության նախարարությունն այս նախագծի համար տալիս է միայն 25 քվոտա, այսինքն՝ դրանից ավելի ծառայող ֆուտբոլիստ չունենք։ Մեր առաջին թիմում, որը խաղում է Պրեմիեր լիգայում, ներգրավում ենք նաև ֆուտբոլիստների, որոնք Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուներ են, որպեսզի իրենք էլ խաղան և օգնեն հավաքականին։ Նրանց ներգրավելու պատճառը միայն այն է, որ ՊՆ-ն մեզ տրամադրում է միայն 25 տեղ։ Տարիքով ավագ ֆուտբոլիստները մեր թիմում խաղում են թիմը լրացնելու և պատշաճ հանդես գալու համար։ Միևնույն ժամանակ սա հենց ՊՆ-ի կողմից լավ նախաձեռնություն է երիտասարդների համար, որոնք կարող են խաղալ թիմում», - նշեց նա։