Մամուլ

Ադրբեջանական պատվիրակությունը կժամանի՞ Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 21-ին ու 22-ին «Եվրանեսթի» քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության, ինչպես նաև՝ էներգետիկ անվտանգության հանձնաժողովները Երևանում նիստ կանցկացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական կառույցի նիստերը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվեն: «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից փորձեցինք տեղեկանալ՝ ադրբեջանական պատվիրականությունը ժամանելու է արդյոք Երևան: Նա նշեց, որ այս պահին հստակ չէ՝ կգան արդյոք, թե չէ, բայց գալու հավանականությունը մեծ է:

«Ժողովուրդ» օրաթերթի մյուս տեղեկության հետ կապված, թե Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները առանձին ճաշ կամ ընթրիք են ունենալու, Կարապետյանը կտրուկ արձագանքեց. «Նման բան չկա»»: