Քաղաքական

«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական շփման գծի սահմանազատմանն անդրադառնալով, նշել է, որ հիմա այդ հատվածն ավելի պաշտպանված է դարձել. «Հիմա դա ավելի պաշտպանված տարածք է։ Երբ դու այդ գծի վրա հավանական հարձակվողի կողմից հարցեր և սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես՝ այստեղ դու ես, այստեղ՝ ես, ու անցնում ես առաջ, ավելի պաշտպանված է դառնում»։

Ըստ Սիմոնյանի՝ կարելի է անընդհատ պատ կառուցել, դիրքեր դնել, հակառակորդն էլ «բայրաքթարներով» ու տանկերով հարձակվի. «Եթե հարձակվելու լինեն, այդ դիրքերը մեծ հաշվով շատ քիչ տարբերություն են տալու։ Սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը, որ Ադրբեջանը ճանաչել է՝ այս թմբից այնկողմ Հայաստանն է»։

Սիմոնյանը հարց է բարձրացրել՝ որևէ մեկը մտածու՞մ է, թե Հայաստանը կարող է պատերազմել Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի և սիրիացի վարձկանների դեմ. «Դա քանակի հարց է՝ ինչքան զոհ կտանք։ Բայց մենք պետք է պատերազմի մտածելակերպն ընդհանրապես հանենք թե ադրբեջանական, թե հայկական օրակարգից»։

Ըստ Սիմոնյանի՝ երրորդ երկրի դրդմամբ մարդիկ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով, «որպեսզի հարցը լուծող հայտնվի, ու գան խաղաղապահներ»․ «Բայց մեզ պետք չի խաղաղապահ, մեզ պետք է, որ սահմանը մենք վերահսկենք»։