Քաղաքական

«Հայաստան» խմբակցությունը սահմանազատման թեմայով ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագիծը։

Հիմնական զեկույցով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ բանակցություններ և սահմանազատում պետք է լինի, բայց հիմք պետք է լինեն 1993թ.–ից փաստացի գործող սահմանները․

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով վարչապետին իրավունք տրվում է կազմել խորհրդակցական մարմիններ։ Այն մարմնին, որը ղեկավարում է Մհեր Գրիգորյանը, որևէ մեկն իրավունք չի տվել որոշում կայացնել, թե որտեղով է անցնում սահմանը։ Սահմանի, տարածքի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով։ Տարածքը այն հողն է,որի վրա գործում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Հետևաբար, ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով, ոչ թե խորհրդակցական մարմին հանդիսացող հանձնաժողովի որոշումով»,-ասել է նա։